Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսել է երկխոսություն, հետեւապես ՀԱԿ-ի կողմից ապրիլի 28-ին հայտարարված հանրահավաքը չի լինի ջրբաժանի օր:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 27-ին հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

«Կարծում եմ, որ ջրբաժանի օրը կտեղափոխվի: Այդտեղ որոշակի տրամաբանություն կա, քանի որ ՀԱԿ-ի որոշակի պահանջներ կատարվել են եւ գնում է երկխոսություն»,-նկատեց Կարապետյանը: Նա նշեց, որ եթե այդ երկխոսության նպատակը իշխանությունը միմյանց միջեւ կիսելն է, ապա դա շատ վատ է, եւ դրանից տուժելու է հասարակությունը: «Իսկ եթե այդ երկխոսությունը բերելու է ապագա «Միասնության» դաշինքի, ապա դա իրենց խնդիրն է: Մի քիչ դժվար է պատկերացնել, որ իշխանությանն ավազակապետություն, թաթար-մոնղոլներ անվանող ուժը միանա նույն այդ իշխանության հետ եւ դաշինք կազմի»,-հայտարարեց ՆԺԿ ղեկավարը` հավելելով, որ ՀԱԿ-ի ներսում իշխանությունների հետ համագործակցության հարցում որոշակի հակասություն կա:

Ասուլիսին ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը նշեց, որ չի ընդունում «ջրբաժան» բառը, քանի որ այն գործածվում է «խիստ հակառակորդ» ուժերի վերաբերյալ:

Անդրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը, Բոստանջյանը «լիրիկական» որակեց երկխոսություն հասկացությունը եւ ընդգծեց, որ պարտադիր չէ այն հասկանալ ուղիղ իմաստով: Երկխոսությունն, ըստ նրա, այն է, երբ մի կողմը լուծում է մյուս կողմի առաջ քաշած խնդիրները:   

Պատգամավորը նշեց, որ ՀԱԿ-ն իր հանրահավաքներում ոչ թե պահանջներ է առաջադրել, այլ մտահոգություններ է հայտնել, որոնք իշխանությունները կիսում են եւ դրանց ուղղությամբ քայլեր են անում: «Հիշո՞ւմ եք, տղաները որ նկարված էին (նկատի ունի մամուլում տպագրվող քաղբանտարկյալների լուսանկարները-NEWS.am), ժամանակին ահավոր մի մեծ էջ էին կազմում: Հիմա շատ փոքր մասն է մնացել, եւ այդ նկարները վաղը կամ վաղը չէ մյուս օրը կվերջանան»,-հայտարարեց Բոստանջյանը` առաջարկելով մի փոքր երկարացնել քաղբանտարկյալների ազատ արձակման ժամկետը`ապրիլի 28-ից տեղափոխելով մեկ ամիս հետո: