Հնդկաստանում թրով կտրել են ոստիկանի ձեռքը, եւս վեց իրավապահներ լուրջ վնասվածքներ են ստացել կորոնավիրուսի տարածման դեմ կարանտինը պահպանելու միջոցառումների իրականացման ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Պենջաբ նահանգում։

Ինչպես հայտնում է CNN-ը, կտրված ձեռքը հաջողվել է «կարել» մոտ ութժամյա վիրահատության արդյունքում։

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, որի մեջ սիկխերի աղանդի անդամներ են եղել։ Երբ ոստիկանը տղամարդկանց խնդրել է անցագիր ներկայացնել, նրանցից մեկը հանել է թուրը եւ կտրել ոստիկանի ձեռքը։ Վիրավոր սպաները տեղափոխվել են Չանդիգարխեի հիվանդանոց։ Ոստիկանությունը ձերբակալել է յոթ մարդու։