«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Իշխանությունները կատարել են Կոնգրեսի երեք պահանջներից երկուսը, եւ չեմ կասկածում, որ մայիսի  ընթացքում կբավարարեն նաեւ երրորդը` վերջապես ազատ արձակելով դեռեւս բանտերում գտնվող քաղբանտարկյալներին: Այսպիսով  հնարավորություն է ստեղծվելու երկխոսելու, բանակցելու, առաջիկա ընտրությունների մասին պայմանավորվելու: Կան բազմաթիվ գործիչներ, մենաբաններ եւ պարզ քաղաքացիներ, ովքեր այդ ամենի մասին խոսում են հանդիմանական շեշտերով` մեղադրելով ՀԱԿ-ին «անսկզբունքայնության» մեջ:  Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե որն է այստեղ «կրիմինալը»: Ավելի լավ կլիներ, որ հարկադիր քաղաքական ուժերը իրար նկատմամբ «ջիհա՞դ» հայտարարեին: Եթե ոչ, ապա միան այլընտրանքը պայմանավորվելն է: Ի դեպ, վստահ եմ. այն, որ քաղաքակիրթ երկրներում լուրջ քաղաքական պրոցեսներն ընթանում են խաղաղ եւ անցնցում, նույնպես որոշակի պայմանավորվածությունների արդյունք է: Առավել արմատական հայացքներ ունեցող ընդդիմադիրներն այսօր քննդատում են ՀԱԿ-ին, ասելով`«բա ո՞ւր մնաց ավազակապետությունը կազմաքանդելու խոստումը»:

Պատասխանեմ` մնաց նույն տեղում, որտեղ գտնվում են մնացած բոլոր նախընտրական կարգախոսները, օրինակ, «Ձեւավորենք միջին խավ»,-ը կամ «Առաջ, Հայաստան»-ը: Ո՞ր մի սթափ մարդն է լուրջ ընդունում նման բառակապակցությունները: Ավազակապետությունը չի կազմաքանդվի ոչ հեղափոխությամբ, ոչ ներկայիս նախագահին առաջին նախագահով փոխարինելով, ոչ էլ այդ երկու գործիչների տեղը Մահաթմա գանդիին կամ Նելսոն Մանդելային դնելով: Պարզապես պետք է անկեղծ լինել եւ արձանագրել, որ Հայաստանում, բացի ավազակապետությունից, ոչ մի այլ ռեժիմ չի եղել` ոչ միայն վերջին 20 տարվա ընթացքում, այլեւս դրանից առաջ»: