Այսօր` ապրիլի 28-ին Երեւան Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի օրը չեն աշխատում Լոռու մարզի քաղաքաներից Երեւան ուղեւորափոխադրություն իրականացնող միկրոավտոբուսները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
«Հերթական անգամ մարզային իշխանությունների, իրավապահ մարմինների, ՀՀ տրանսպորտի նախարարության խուլ անտեղյակության եւ անգործության պայմաններում խախտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը:
Չնայած, իշխանության ամենաբարձր մակարդակում ապրիլի 27-ին հնչեցրած հայտարարությանը, թե ճանաչում են քաղաքացիների կարծիքներ արտահայտելու եւ հավաքների եւ միավորման ազատության բնականոն իրավունքները իրականում տեղի է ունենում դրանց կոպիտ սահմանափակում:
Ստեղծված իրավիճակը գնահատում ենք որպես փաստ այն մասին, որ որեւէ հանձնառություն իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականության հետ կապ չունի, եւ նրանք որեւէ կամք չունեն մարդու իրավունքների անընդհատ խախտումները վերացնելու ուղղությամբ»,- ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:




























