Հայտնի վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, նկարիչ եւ բանաստեղծ Ռեզո Էսաձեն մահացել է 87 տարեկանում, հայտնում է «Նովոստի- Գրուզիան»:

Ռեժիսորի ընտանիքի անդամներն այս մասին հայտնել են Հանրային հեռուստատեսությանը տված մեկնաբանության մեջ:

Ռեզո Էսաձեն ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Վրաստանի Շեմոկմեդի գյուղում: 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ «երկրաֆիզիկոսի» մասնագիտությամբ: Ֆիզիկա եւ աստղագիտություն է դասավանդել դպրոցում, Թբիլիսիի աստղաֆիզիկական կայանի կրտսեր գիտաշխատող է:

Էսաձեն 1964 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը, արդեն 2 տարի հետո դարձել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, իսկ 1972 թվականից՝ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայի: Դերասան Ռեզո Էսաձեն նկարահանվել է Միխայիլ Ռոմի «Մեկ տարվա ինն օրերը» ֆիլմում, Թենգիզ Աբուլաձեի «Ապաշխարություն», Իրակլի Կվիրիկաձեի «Անարա փոքր քաղաքը», Նիկոլայ Գուբենկոյի «Հանգստացողների կյանքից», Նիկոլայ Լեբեդեւի «Գայլխեղդ՝ գորշ շների ցեղից» ֆիլմերում:

Որպես ռեժիսոր աշխատել է 11 կինոնկարների վրա, որոնց թվում են՝ «Մեկ երիտասարդ կյանքի չորս էջ» (1967), «Վայրկյանաչափ» (1970), «Սեր առաջին հայացքից» (1975), «Հարսանեկան նվեր» (1982) եւ այլ ֆիլմեր:

Էսաձեի վերջին աշխատանքն է եղել «Ամիսն՝ ինչպես մեկ օր» կինոնկարը, որը նա նկարահանել է 2016 թվականին ռեժիսոր Լաշա Մինդիաշվիլիի հետ:

Ռեզո Էսաձեն Վրաստանի վաստակավոր արտիստ է, Շոթա Ռուսթավելիի անվան մրցանակի դափնեկիր, բազմաթիվ հանրապետական, համամիութենական եւ միջազգային փառատոների հաղթող, Ռուսաստանի եւ Վրաստանի նկարիչների միությունների անդամ: 2016 թվականին Թբիլիսիի XVII միջազգային կինոփառատոնում մրցանակ է ստացել լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի համար («Ամիսն՝ ինչպես մեկ օր»): Նույն կինոփառատոնում արժանացել է «Ոսկե Պրոմեթեոս» մրցանակի՝ վրացական կինոյի զարգացման մեջ բացառիկ ավանդի համար:

2019 թվականի փետրվարին հայտնի կինոռեժիսորի 85-ամյա հոբելյանի առիթով «Ռուսթավելի» կինոթատրոնի դիմաց բացվել է նրա անվանական աստղը: