«Արմենիա» բժշկական կենտրոնում քիչ առաջ մահացել է երեկ Երեւան-Աշտարակ մայրուղու 5-րդ կիլոմետրում հնչած կրակոցների արդյունքում հիվանդանոց տեղափոխված Գագիկ Միրզոյանը։

Ինչպես NEWS.am-ին ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի ոստիկանության Նաիրիի բաժին ապրիլի 27-ի առավոտյան՝ 06։00-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Երեւան-Աշտարակ մայրուղու 5-րդ կիլոմետրում կրակոցներ են հնչում։

Նշված վայր էին մեկնել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Համլետ Մխիթարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են մեկնել նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Կոտայքի մարզի վարչության պետի տեղակալ Կորյուն  Հարությունյանի եւ Նաիրիի ոստիկանության բաժնի պետ Կարեն Գինոյանի գլխավորությամբ:

Պարզվել էր, որ նշված վայրում տեղի են ունեցել կրակոցներ եւ դեպքի վայրից երկու մարդու կրծքավանդակի ձախ շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վնասվածքներ ստացածներ են եղբայրներ 42-ամյա Գագիկ Միրզոյանը եւ 38-ամյա Վահե Միրզոյանը։ Ըստ ականատեսների, նրանք ունեն գազաբենզալցակայան` Երեւան-Էջմիածին ճանապարհին:

Նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 13 ՏՕ 698 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի կողմի դռան վրա կրակոցների հետքեր են հայտնաբերվել։

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի