Կենտրոնական բանկը շարունակում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը։ Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո  լրագրողներին հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ փոխարժեքի ցանկացած կտրուկ տատանման դեպքում ԿԲ-ն կմիջամտի՝ անկախ նրանից, թե փոխարժեքը որ ուղղությամբ է տատանվում։

Այն հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում տեղի ունեցավ ապրիլի 26-ի տատանումը, երբ դոլարի փոխարժեքը ֆոնդային բորսայում 373 դրամից իջավ մինչեւ 362 դրամ, Ա. Ջավադյանն ասաց, որ ընդամենը մեկ գործարք է կատարվել չափազանց ցածր փոխարժեքով, ինչն էլ ազդել է միջին փոխարժեքի վրա։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայտարարել է, որ տարվա ընթացքում դրամը կայուն կարժեզրկվի, իսկ դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի  համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է:

Անդրադառնալով այդ հայտարարությանը, Ա. Ջավադյանն ասաց, որ նախագահի ասածը երկարաժամկետ կտրվածքով էր, սակայն մի շարք գործոններ՝ սեզոնայնություն, տրանսֆերտների աճ, սպասումներ, կարող են փոխարժեքի վրա կարճաժամկետ կտրվածքով այլ ազդեցություն ունենալ։

«Արժույթի թուլացման քաղաքականություն չենք վարում» ,- վստահեցրեց Ա. Ջավադյանը։