Երեւանի կենտրոնում` Ազատության հրապարակում ժամը 18:25-ին մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Իշխանությունները երեք տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնապես թույլատրել են հանրահավաք անել Ազատության հրապարակում:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հրապարակում բարձր տրամադրություն է տիրում, ընդդիմության կողմնակիցները զանգվածային ակցիայի արտոնումն իրենց հաղթանակն են համարում: Սակայն նախորդ` ապրիլի 8-ի համեմատ մասնակիցների թիվը նվազել է:
Հարթակում են գտնվում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ին անդամակցող մյուս կուսակցությունների առաջնորդները:
Հանրահավաքի վարող` Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ողջունելով հավաքվածներին, ընդգծել է, թե Ազատության հրապարակի բացումն ընդամենը առաջին խոշոր հաղթանակն է, որին «շուտով հաջորդելու են նորերը»:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել էր, թե այսօր կայանալիք հանրահավաքում ՀԱԿ-ն իր վերաբերմունքը կարտահայտի Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 27-ին հայտարարել է, որ Հայաստանի արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ դրական միտումներ են նկատվում: Նրա խոսքով, արտախորհրդարանական ընդդիմության ցույցերն ու ակցիաները հասարակության պառակտման նպատակ չեն հետապնդում:
«Այդ ակցիաները նպատակ ունեն քաղաքական պայքարը տեղափոխել որոշակի ասպարեզ: Ինձ դուր է գալիս, որ վերջին շրջանում իրավապահ մարմիններն ու ընդդիմության հանրահավաքների կազմակերպիչները համագործակցում են, եւ հասարակական կարգի որեւէ խախտում չի լինում»,- նկատել է Սերժ Սարգսյանը` փաստացի ակնարկել էր, որ քաղաքական որոշում է կայացվել Տեր-Պետրոսյանի կողմնակիցների առջեւ բացել Ազատության հրապարակը:




























