Խաղողագործների 90 տոկոսը գրանցված աշխատակիցներ չեն, ուստի չի կարող օգտվել կառավարության աջակցության միջոցառումների սոցիալական կամ տնտեսական փաթեթներից: Բացի այդ, նրանցից շատերը վատ վարկային պատմություն ունեն կամ ծանրաբեռնված են վարկային պարտավորություններով մի քանի բանկերում, ուստի չեն կարող օգտվել պետության կողմից սուբսիդավորվող վարկերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Նա դժգոհություն է հայտնել առ այն, որ իշխանությունները, փաստորեն, աջակցում են բանկերին տոկոսադրույքների սուբսիդիաների տեսքով` ֆերմերներին առանց միջնորդի, հասցեական կերպով օգնելու փոխարեն` հաշվի չառնելով, որ երկրի բնակչության 70 տոկոսը վատ վարկային պատմություն ունի:

Արտակ Սարգսյանը հավելել է, որ բանկերի սահմանափակումների եւ գյուղացիների շրջանում ֆինանսական ռեսուրսների կրճատման պատճառով խաղողի այգիների ապահովագրության գործընթացը սկսել է դանդաղել: «Հաշվի առնելով առկա դժվարությունները` պետությունը պետք է երկարաձգեր ապահովագրության ժամկետները: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապահովագրության ներդրման գաղափարին, ապա ես ողջունում եմ այն եւ կարեւոր եմ համարում: Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ հակակարկտային կայաններ տեղադրելու նախագծերի իրականացումը»,- նշել է նա: Ըստ նրա` սուր է ոռոգման համակարգի խնդիրը, որը ավերված վիճակում է գտնվում, քանի որ Հայաստանում նեղ պրոֆիլի մասնագետներ չկան, չկան ներդրումներ, պոմպակայաններն էլ չեն արդիականացվում, որոնց ՕԳԳ-ն վերանորոգումից չի բարձրանում:

«Ինչ վերաբերում է խաղողի աճեցմանը, ապա ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է կարգավորել հասանելի եւ դիմացկուն տնկիների արտադրությունը: Կարեւոր է նաև խթանել վերամշակող ձեռնարկությունները` առանց տոկոսադրույքի եւ անհատույց վարկերի միջոցով, որպեսզի դրանք աշնանն ապրանքներ ձեռք բերել հնարավորություն ունենան: Անհրաժեշտ է խաղողագործների եւ ձեռնարկությունների միջեւ սերտ կապ ապահովել, առանց ինչի Հայաստանում ոլորտն անկում կապրի:

Խաղողի անցյալ տարվա գները պահպանվել էին 2015 թվականի մակարդակում (150 դրամ)»,- շեշտել է ՀԿ ղեկավարը: Ըստ նրա` պաշտոնական վիճակագրական տվյալները` ինչպես գների, այնպես էլ խաղողի արտադրության ծավալների, 2018 եւ 2019 թվականներին բարձրացել են ավելի քան երեք անգամ, իսկ քանի դեռ այս պրակտիկան շարունակվում է, անիմաստ է սպասել ոլորտի զարգացմանը: