ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին այցելել է ԼՂՀ Շահումյանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոնում շրջվարչակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ հաշվի առնելով Շահումյանի շրջանի յուրահատուկ նշանակությունը, նրա զարգացումը մեր հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարեւորագույն խնդիրներից մեկը: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ շրջանում ընթացող ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Այնուհետեւ Բակո Սահակյանն Արցախի եւ Երեւանի պետական համալսարանների ուսանողների հետ մեկտեղ մասնակցել է Քարվաճառում տեղի ունեցած ծառատունկին, ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքներին եւ ներկա գտնվել երիտասարդական ճամբարի շինարարության սկսման արարողությանը:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան:
Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Այնուհետեւ նա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները եւ ցանկալի արդյունքներ ապահովելու համար անհրաժեշտ է առկա ներուժի արդյունավետ օգտագործում ու իրականացվող աշխատանքների որակի բարձրացում:
Բերձոր շրջկենտրոնում նախագահը ներկա է գտնվել շրջանի մշակութային կոլեկտիվների կողմից տրված համերգին:
Այցի ընթացքում Բակո Սահակյանին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























