Մարտունի քաղաքում կորոնավիրուսի վարակման դեպք չկա, մեկուսացվածներ չկան, քաղաքի բնակչության 90 տոկոսը ինքնամեկուսացված է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։

«Քաղաքի ամբողջ բնակչությանը խեղդում ենք, որ մեկուսանան։ Մարտունու քաղաքի բնակիչների 90 տոկոսը տանն են։ Մենք Վարդենիսի ետ շփում չենք պահում, ճանապարհները փակ են։ Բոլորին զգուշացրել ենք, որ Վարդենիս չգնան ժամանակավոր, մինչեւ տեսնենք՝ ինչ է լինում»,- ասաց Ավետիսյանը։

Քաղաքապետը պատմեց, որ քաղաքի բնակչության մեծ մասը գումար վաստակում է արտագնա աշխատանքով, հիմա կան սահմանափակումներ, բնակչությունն էլ ֆինանսական ծանր դրությունում են.

«Այս տարի ոչ մեկն էլ չգնաց արտերկիր, բոլորն իրենց տներում նստած են։ Վերադարձողներն էլ քիչ են։ Հիմնականում գնում են ապրիլ-մայիս ամսին, բայց մերոնք հիմնականում ասֆալտի գործի էին գնում, դա էլ տաք եղանակին է սկսում, դրա համար էլ ուշ պիտի գնային, էն էլ չեն գնացել։

Ով հիմա ֆինանսական խնդիր չունի, ուր մնաց արտերկիր գնացող մարդը չունենա։ Մերոնք հիմնականում արտագնա աշխատանքով են ապրում, անգամ եթե բարձր աշխատավարձով աշխատանք էլ ունենան այստեղ, արդեն սովորել են արտագնա աշխատանքին։ Այս տարի շատ եմ վախենում, որ մինչեւ ձմեռ իրենց ֆինանսական վիճակները շատ վատանա»։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի տվյալներով՝ Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 51 դեպք, 1-ը` մահվան ելքով։