Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու մի շարք պետությունների առաջնորդներ մեկնարկել են նախաձեռնություն SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ միասնական պայքարի համար: «Մենք կհաղթենք վիրուսը, եթե միայն միավորենք մեր ջանքերն ու ստեղծենք գործունյա միություն»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել ԱՀԿ-ի հրավերով կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում:

Մերկելի խոսքով՝ Բեռլինը պատրաստ է սատարել այդ նախաձեռնությունը քաղաքական մակարդակում: Գերմանիայի կանցլերը նշել է, որ պատվաստանյութը ստեղծելու եւ արտադրելու համար անհրաժեշտ է շուրջ 8 միլիարդ եվրո: «Այդ պատճառով ես դիմում եմ բոլորին, ով կարող է՝ քաղաքական գործիչներին եւ տնտեսության ներկայացուցիչներին, կոչով սատարել մեզ 8 միլիորդ եվրոյի բացը լրացնելու հարցում»,-ընդգծել է Մերկելը՝ նշելով, որ Գերմանիան կունենա զգալի ներդրում, հաղորդում է DW-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ պետք է ունենալ երաշխիքներ, որ պատվաստանյութը, որը ստեղծվել է որեւէ երկրում, հասանելի կլինի բոլոր երկրներում: Նա կոչ է արել «մեծ յոթյակի» բոլոր պետություններին եւ Չինաստանին մասնակցել այդ նախաձեռնությանը: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ առնվազն առաջին փուլում չի միանա նախաձեռնությանը:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մայիսի 4-ին գումարել է հովանավորների հետ առցանց կոնֆերանս, որը նվիրված է պատվաստանյութի ստեղծմանը: Փորձագետների գնահատմամբ՝ դրա ստեղծման համար կարող է պահանջվել 18 ամիս: