Իտալիայում կորոնավիրուսի պատճառով տնային կալանքի կուղարկեն մի քանի մաֆիոզների, որոնց թվում՝ Պասկալ Ձագարիային, որը մաֆիոզ կլանի ղեկավար Միկելե Ձագարիայի եղբայրն է, հաղորդում է DW-ն՝ հղում կատարելով իտալական ԶԼՄ-ներին։

Կորոնավիրուսով վարակվածների մեծ թվի պատճառով Պասկալ Ձագարիային չեն կարող ապահովել անհրաժեշտ թերապիա, ինչը նրան անհրաժեշտ է նախկինում տարած հիվանդության պատճառով, ասվում է դատարանի որոշման մեջ։

Սարդինիայի Սասարի բնակավայրում գտնվող բանտից նրան տեղափոխել են Լամբարդիայի Բրեշիա քաղաք, որտեղ նա կգտնվի տնային կալանքի տակ։ Ձագարիան կազմակերպված հանցավոր խմբավորմանը անդամակցելու համար 2007-ին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Գերբեռնված իտալական բանտերում կորոնավիրուսի տարածումը կանխելու նապատակով որոշ բանտարկյալների ուղարկում են տնային կալանքի կամ կրճատում են պատժաչափերը։ Նման գործողությունները քննադատվում են հասարակության, ինչպես նաեւ որոշ քաղաքական կուսակցությունների կողմից։

Իտալիան կորոնավիրուսի համաճարակից ամենաշատ տուժած երկրներից է։ Այստեղ ախտորոշվել են 223 000 վարակվածներ, որոնցից մոտ 26 000-ը մահացել են։