Հայաստանի եզդիական համայնքը հասարակությանը կոչ է անում չմոռանալ Օսմանյան Թուրքիայիում իրագործված եզդիների ցեղասպանությունը, եւ յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 24-ին, երբ աշխարհը նշում է Հայոց ցեղասպանության տարելիցը, հիշել նաեւ այդ ժամանակներում սպանված եզդիների մասին։
Ինչպես ապրիլի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի եզդիական համայնքի առաջնորդ Ազիզ Թամոյանը, 20-րդ դարում Օսմանյան Թուրքիայում ապրել է 750 հազար եզդի, որոնցից 500 հազարը կոտորվել են:
«Անհրաժեշտ է խոսել այս մասին, որովհետեւ թուրքերը միայն հայերի, հույների եւ ասորիների չեն սպանել»,- հայտարարեց Թամոյանը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, ԱՐգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:




























