Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել այսօր` ապրիլի 29-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան եւ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաեւ այսօր ստորագրվելիք հռչակագիրը խոսում են Հայաստան-ԵՄ դինամիկ զարգացող հարաբերությունների մասին:
Շտեֆան Ֆյուլեն իր հերթին նշել է, որ համատեղ ակտիվ աշխատանքով 2011թ. կարելի է դարձնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նոր որակ հաղորդելու ժամանակաշրջան:
Անդրադառնալով ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ ստորագրվելիք համատեղ հռչակագրին եւ կարեւորելով այն, Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ հռչակագրի նպատակն է Հայաստանն ավելի մոտեցնել Եվրամիությանը` աջակցելով իրականացվող բարեփոխումներին: Նախագահ Սարգսյանի խոսքով, փաստաթղթով Հայաստանը մեկ անգամ եւս փաստում է բարեփոխումները շարունակելու վճռականությունը, իսկ Եվրոպական հանձնաժողովը` այդ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:



























