ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուն այցի ընթացքում ապրիլի 28-29-ը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության բարձարաստիճան պաշտոնյաների հետ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային, տնտեսական խնդիրներին, ինչպես նաեւ ժողովրդավարության խթանմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նաեւ ընդգծել է բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարեւորությունը` հանրահավաքների ազատ անցկացման եւ խոսքի ազատության առումով, եւ կոչ է արել մեծացնել ԶԼՄ-ներում բազմակարծության ապահովմանն ուղղված գործնական քայլեր կատարել:
Տնտեսական հարցերի առնչությամբ Թ. Քեյդենաուն նշել է բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար ազատ տնտեսական մրցակցության ապահովման անհրաժեշտությունը. ինչը կխթանի Հայաստանում տնտեսության զարգացումը:
Թ. Քեյդենաուն նաեւ հանդիպել է կին գործարարների ու հասարակական շարժումների ակտիվիստուհիների հետ եւ բարձր է գնահատել նրանց ջանքերը: Ամերիկացի դիվանագետը նրանց կոչ է արել ներգրավվել հասարակական եւ պետական աշխատանքներում` ստեղծելու համար այն ապագան, որին ձգտում են Հայաստանի քաղաքացիները: Նա նաեւ հանդիպել է քաղաքական կուսակցությունների անդամների հետ:



























