Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Խաչատրյան 33 շենքի բնակարաններից մեկից մեկից մի կնոջ շտապօգնության մեքենան տեղափոխեց հիվանդանոց: Հիվանդանոց տեղափոխվածը 73-ամյա Ն.Դ.-ն է:
Դեպքի վայրում է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են հրավիրել ոստիկանության փորձաքրեագետին:
Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ ավազակային հարձակում կատարող անձը եղել է առանց դիմակի եւ խաբեությամբ ներկայացել է որպես «Ջրմուղի» աշխատող, մտել նշված բնակարան եւ զենքի սպառնալիքով փորձել կողոպտել: Նրա եւ տուժողի ձեռնամարտ է սկսվել, եւ աղմուկի պատճառով ավազակը դիմել է փախուստի:
Ոստիկանությունն արդեն կազմել է նրա ֆոտոռոբոտը, քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 175 հոդվածի հատկանիշներով (Ավազակային հարձակում):
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ երեկ նույն կերպ` «Ջրմուղի» աշխատակցի անվան տակ երկու ավազակային հարձակում է կատարվել Կենտրոն վարչական շրջանում:






Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























