ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը ամերիկյան զինվորականների կողմից թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի ոչնչացման փաստը գնահատում է որպես «կարեւոր ձեռքբերում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա կարեւոր ձեռքբերում է… պայքարն ահաբեկչության դեմ շարունակվում է,  բայց այսօր երեկոյան Ամերիկան հստակ հասկացրեց, թե որքան ժամանակ էլ անցնի, արդարադատությունն իրականացվելու է»,- ասված է Բուշի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Բարաք Օբաման հաղորդել է, թե ամերիկյան զինվորականները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ բեն Լադենին:

Բեն Լադենը ծնվել է 1957 թվականին: Ավարտել է Ջիդդա քաղաքի համալսարանի տնտեսագիտության եւ մենեջմենթի ֆակուլտետը: 1980-ական թվականներին մարտնչել է Աֆղանստանում ընդդեմ Խորհրդային բանակի եւ դրա դիմաց Կենտրոնական հետախուզական վարչության կողմից վարձատրվել է:  Նա կասկածվում է Նյու-Յորքում եւ Վաշինգթոնում սեպտեմբերի 11-ը կազմակերպելու մեջ: