Ուսամա բեն Լադենի ոչնչացման հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են նրա երկու կանայք եւ չորս երեխաները: Առայժմ չճշտված տվյալներով, սպանվել է նաեւ ահաբեկչի որդիներից մեկը: Բացի այդ, հաջողվել է ձերբակալել նրա անձնական օգնականներից մի քանիսին: Այդ մասին հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները` վկայակոչելով Պակիստանի Միացյալ հետախուզական վարչության ներկայացուցչին:

Բեն Լադենը բնակվել է Աբբոտաբադ քաղաքի առանձնատներից մեկում` Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա:

Նրա տունը գտնվում է Պակիստանի ամենահայտնի ռազմական ակադեմիաներից մեկի մոտ: Ամերիկյան երկու ուղղաթիռներ հզոր հրթիռային հարվածներ են հասցրել այն տան վրա, որտեղ ապրում էր «թիվ մեկ ահաբեկիչը»:

Ավելի վաղ Բարաք Օբաման հաղորդել է, թե ամերիկյան զինվորականները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Բեն Լադենին:

Բեն Լադենը ծնվել է 1957 թվականին: Ավարտել է Ջիդդա քաղաքի համալսարանի տնտեսագիտության եւ մենեջմենթի ֆակուլտետը: 1980-ական թվականներին մարտնչել է Աֆղանստանում ընդդեմ Խորհրդային բանակի եւ դրա դիմաց Կենտրոնական հետախուզական վարչության կողմից վարձատրվել է:  Նա կասկածվում է Նյու-Յորքում եւ Վաշինգթոնում սեպտեմբերի 11-ը կազմակերպելու մեջ: