Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թ. ապրիլի 30-ից աշխատանքից ազատվել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի աշխատանքային  օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ եւ  6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը,  123-րդ հոդվածը:

Նշենք, որ Արմեն Աշոտյանի փետրվարի 22-ի հրամանով դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն եւ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից փետրվարի 28-ից մինչեւ մարտի 7-ը, դպրոցում իրականացվել էր թեմատիկ ստուգում, որի արդյունքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԿԳ նախարարի` մարտի 25-ի հրամանով Ս. Նազարյանին հայտարարվել էր «նկատողություն»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2011-ի սկզբին այդ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը ծեծի էր ենթարկվել դպրոցի տնօրենի որդու եւ նրա ընկերների կողմից:  Հաջորդ օրը դպրոցի հանրապետական տնօրենը Հարությունյանին դասարանի ներկայությամբ հայհոյել ու ծեծել է նրան` եղունգները մտցնելով նրա մարմնի մեջ: