Բուենոս Այրեսում ընթացող Գրքի 37-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 1-ին ավանդաբար նշվել է Հայաստանի օրը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի դեսպանության եւ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կենտրոնական վարչության ջանքերի շնորհիվ Հայաստանի տաղավարը ներկայացված էր այլ երկրների ու հրատարակչությունների տաղավարների շարքում: Նշենք, որ Բուենոս Այրեսի Գրքի 37-րդ Միջազգային ցուցահանդեսում ներկայացված են 42 պետություններ եւ 1500 հրատարակչություններ:

Նկատի ունենալով, որ 2011 թվականին Բուենոս Այրեսը հռչակվել է Գրքի միջազգային մայրաքաղաք` ցուցահանդեսի համար ընտրվել է «Քաղաք, որ բաց է գրքերի աշխարհին» կարգախոսը:

«Հայաստանի օրվա» հանդիսությունները կայացել են Գրքի ցուցահանդեսը հյուրընկալող «Ռուրալ» համալիրի`«Խոսե Էրնանդես» սրահում:

Միջոցառմանը ներկա 1000-ից ավելի հանդիսականներին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը մասնավորապես նշել է. «Հայ ժողովրդի 3000-ամյա պատմության մեջ, թերեւս, ամենակարեւոր իրադարձություններից էր 5-րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը, ինչի շնորհիվ հայերեն թարգմանվեց գրքերի գիրքը` Աստվածաշունչը, տպագրվեցին հազարավոր գրքեր, որոնք մեր ազգի մշակութային եւ մտավոր հարստության ամենաարժեքավոր մասն են կազմում»: Դեսպան Կարմիրշալյանը նշել է նաեւ, որ շատ խորհրդանշանական է, որ քույր քաղաքներ հանդիսացող Բուենոս Այրեսն ու Երեւանը հաջորդաբար ստանձնում են Գրքի միջազգային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը: ՀՀ դեսպանը տեղեկացրել է, որ գալիք 2012թ. Երեւանում կազմակերպվելու է Գրքի միջազգային խոշոր ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն Հայաստանում եւ Սփյուռքում` հայերեն եւ օտար լեզուներով տպագրված գրքեր եւ, որտեղ Արգենտինան ներկայացված կլինի առանձին տաղավարով:

«Հայաստանի օրվա» կապակցությամբ կայացել է համերգ` մենակատարուհի Վալերիա Չերեքյանի,«Նոր հայեր» երիտասարդական էստրադային երգչախմբի եւ «Նաիրի», «Գայանե», «Մասիս» պարային համույթների մասնակցությամբ: