«Ալ-Քաիդայի» առաջնորդ, «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենին թաղել են ծովում, հաղորդում է BBC-ն` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Ամերիկյան իշխանությունները որոշել են հուղարկավորությունը կատարել մահմեդական ավանդույթներով` մահից հետո 24 ժամվա ընթացքում:
Նրան հողում չեն թաղել, որ հետնորդների ուխտագնացության վայր չդարձնեն:
Ավելի վաղ Բարաք Օբաման հաղորդել էր, թե ամերիկյան զինվորականները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Բեն Լադենին:
Բեն Լադենին ոչնչացրել են Աբբոտաբադ քաղաքի առանձնատներից մեկում` Իսլամաբադից 100 կմ հեռավորության վրա, հատուկ գործողության ընթացքում:
Բեն Լադենը ծնվել է 1957 թվականին: Ավարտել է Ջիդդա քաղաքի համալսարանի տնտեսագիտության եւ մենեջմենթի ֆակուլտետը: 1980-ական թվականներին մարտնչել է Աֆղանստանում ընդդեմ Խորհրդային բանակի եւ դրա դիմաց Կենտրոնական հետախուզական վարչության կողմից վարձատրվել է: Նա կասկածվում է Նյու-Յորքում եւ Վաշինգթոնում սեպտեմբերի 11-ը կազմակերպելու մեջ:




























