2011 թ. հունվար-մարտին Հայաստանում շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 8 տոկոսով։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։
Ամենամեծ անկումը տեղի է ունեցել միջազգային կազմակերպությունների ծրագրերի մասով։ Այս տարվա առաջին եռամսյակում միջազգային կազմակերպությունների հաշվին իրականացված շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընդամենը 15 տոկոսն է։ Այդ թվում՝ Համաշխարհային բանկի մասով՝ մոտ 42 տոկոս է, Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի մասով՝ 42 տոկոս, Ասիական զարգացման բանկի մասով՝ 83 տոկոս։
Նվազել են նաեւ պետական միջոցների հաշվին կատարվող շինարարական աշխատանքները։ Այսպես՝ նախորդ տարվա համեմատ պետական բյուջեն «թերացել է» մոտ 15 տոկոսով, իսկ համայնքները շինարարության ծավալները կրճատել են մոտ 5 անգամ։
Փոխարենն ակտիվացել են բնակչությունը եւ կազմակերպությունները։ Բնակչության հաշվին իրականացված շինարարությունն ավելացել է մոտ 20 տոկոսով, իսկ մասնավոր կազմակերպությունների հաշվին՝ մոտ 40 տոկոսով։ Դրա շնորհիվ կազմակերպությունները հանդիսանում են շինարարություն իրականացնող ամենամեծ հատվածը՝ նրանց բաժին է ընկնում ընդհանուր շինարարության մոտ կեսը։ Բնակչության մասնաբաժինը շինարարական ծավալներում մոտ 15 տոկոս է։
Հիշեցնենք, որ մինչ ճգնաժամը Հայաստանում շինարարության կեսից ավելին իրականացնում էր բնակչությունը։





























