Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հաստատել է, թե Բաքվի եւ Վաշինգթոնի հարաբերություններում «մի քանի ամիս» որոշակի լարվածություն է եղել: Ընդ որում դիվանագետը հավաստել է, թե «բարդությունները հաջողվել է հաղթահարել»:

«Մենք հարցնում էինք իրար, թե որքան ամուր են ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները: Բայց այսօր, հատկապես շփումներն ու երկխոսությունները վերջին երկու շաբաթներում թույլ են տվել հաղթահարել բարդություններն ու տարակարծությունները»,- հայտարարել է Բրայզան:

Դեսպանը նշել է, թե Ադրբեջանը կարեւոր է ԱՄՆ-ի համար երեք պատճառներով` աշխարհագրական դիրքի, էներգետիկ համագործակցության եւ ժողովրդավարական զարգացումների: «Նախորդ փուլի համեմատ հարաբերությունները հիմա զարգանում են»,- ասել է Բրայզան: