Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին հաուզ» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  N զորամասի զինծառայող Ս. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով  եւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) նախատեսված հանցանքներ առերեւույթ կատարելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ս.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել՝ Վ.Ք.-ին, Ս.Ք.-ին եւ Յու.Ք.-ին քրեական գործով տուժող ճանաչելու մասին, եւ վերջիններս հարցաքննվել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչ Է.Է.-ն եւ քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով եւս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ մոտ 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, որը զուգորդվել է այնտեղ գտնվող Վ.Ք.-ի, Ս.Ք.-ի եւ Յու.Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով եւ մարմնական վնասվածքներ պատճառելով, գույքը վնասելով, սպանության եւ գույքը ոչնչացնելու սպառնալիքով, ինչպես նաեւ՝ զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ մենահատ կրակոց արձակելով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց մայիսի 8-ին ծեծկռտուք է տեղի ունեցել եւ կրակոցներ են հնչել:

Ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ։ Ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։

Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, Ս. Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։

Կրակոցներ Աչաջուր գյուղում. նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել