«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը, որը գործում էր  հանրապետությունում 2004 թ-ից ի վեր, դադարեցված է: Կառավարությունն այսպիսի որոշում է կայացրել մի քանի օր առաջ, համաձայն որի մայիսի մեկից ծրագիրը  կասեցվել  է: Սա նշանակում է, որ ծրագրում ընդգրկված բոլոր աշխատակիցները  կրճատված են եւ համարվում են գործազուրկ:

Գյումրիում այս ծրագրում ընդգրկված շուրջ 30 քաղաքացիներն այսօր` մայիսի 2-ին բողոքել են  Շիրակի մարզպետարանի դիմաց :«Իբր նորմալ աշխատանք էր, իբր մենք շատ էինք ուզում, իրենք էլ զրկում են: Ի՞նչ է սա նշանակում: Մեկը որբ է պահում, մյուսը բանակ զորակոչված երեխա ունի: Մենք փող չենք ուզում, այլ բահ ու մանգաղ, որպեսզի կանաչապատում անենք, արեւի տակ վառվելով 40 հազար դրամ ստանանք: Հիմա դա էլ վերացրին»,-դժգոհել են ծրագրից օգտվողները:Նրանց ընդունել է Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանն ու ներկայացրել կառավարության համապատասխան որոշումը` ծրագիրը կասեցնելու մասին:

Նշենք, որ ծրագիրն ուներ  սոցիալական ուղղվածության եւ 6500 շահառու  ամբողջ հանրապետությունով: Ծրագրի համար 2011թ-ին նախատեսված  700 միլիոն դրամ:

ՀՀ աշխատանիքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանի փոխանցմամբ, «այդ  գումարների մեծ մասը կառավարության որոշմամբ ուղղակի վերցվել է «վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրից, տրվելու է մեկ ուրիշ` ճանարահաշինության ծրագրին, իրականացվելու է միջհամայնքային ճանապարհաշինություն»: