NEWS.am–ի տեղեկություններով՝ մայիսի 1–ին «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում (խմբ. նախկինում՝ մանկատուն) 17–ամյա պատանու դանակահարության դեպքից ժամեր անց ինքնակամ ոստիկանություն ներկայացած 19–ամյա Կարեն Առաքելյանն այսօր՝ մայիսի 15–ին ձերբակալվել է։ Տեղեկությունը մեզ հետ զրուցում հաստատեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ 17–ամյա Վ.Ն.–ն ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Մեր տեղեկություններով՝ պատանին, որը դեպքից հետո «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» և վիրահատվել և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Ինչու՞ է երիտասարդը դեպքից հետո նորից գնացել մանկատուն
Նախքան Առաքելյանի ձերբակալությունը՝ NEWS.am–ին տեղեկություններ էին հասել, որ ազատության մեջ գտնվելու ընթացքում երիտասարդին մի քանի անգամ տեսել են կենտրոնի մոտակայքում. ըստ որոշ տվյալների՝ կասկածյալը ցանկացել է մուտք գործել մանկատուն։ Մինչդեռ դեպքից դեպքից հետո «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը դիմել էր ոստիկանություն՝ խնդրելով ապահովել կենտրոնի սաների և կենտրոնի անվտանգությունը, սակայն ոստիկանությունն իր գործառույթները պատշաճ չի իրականացրել։
NEWS.am–ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին, որ կենտրոնի սաների և կենտրոնի անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանության կողմից պարբերաբար շրջայցեր են կազմակերպվել կենտրոն, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ կենտրոնի սաների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունից միաժամանակ տեղեկացրին, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրգործ՝ ՔՕ 112 հոդվածի 1 մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և ոստիկանություն ինքնակամ ներկայացած անձին ներկայացրել են նախաքննական մարմնին։ Իսկ ՔԿ–ից տեղեկացրին, որ գործն իրենց մոտ վարույթ է ընդունվել մայիսի 12–ին, իսկ երեք օր անց՝ Առաքելյանը ձերբակալվել է։ Նշենք, որ ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է։ Փաստն այն է, որ Առաքելյանը դեպքից ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ինչը ենթադրում է, որ նա փախուստի մտադրություն չի ունեցել. նման իրավիճակում անհասկանալի է վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ դեպքից 15 օր անց անձին ձերբակալելու որոշումը։ Իսկ թե ի՞նչ էր կորցրել երիտասարդը մանկատան տարածքում դեպքից հետո, կպարզեն իրավապահները։
Ո՞րն է դանակահարության պատճառ դարձած վիճաբանության շարժառիթը
NEWS.am–ին հասած նախնական տեղեկություններով՝ Կարեն Առաքելյանը, որը մանկատան նախկին սան է, մայիսի 1–ին այցելել էր կենտրոն՝ խնամքի տակ գտնվող պատանիներից մեկից պարզաբանում պահանջելու կենտրոնի խնամքի տակ գտնվող աղջիկներից մեկի հետ կապված հարցերի շուրջ։ Ուշագրավ է, որ արտակարգ դրության պայմաններում այլ անձանց մուտքն արգելված է եղել մանկատուն։ Բացի այդ, կենտրոնի տնօրինությունն իր նախկին սանին արգելել էր մուտք գործել մանկատուն՝ նրա դրսևորած հակաիրավական վարքագծի պատճառով։ Բանն այն է, որ երիտասարդը նախկինում այլ հանցագործություններ էլ է կատարել՝ այդ թվում դանակահարության փորձեր, իսկ մեկ տարի առաջ էլ կենտրոնի մոտ կայանված մեքենայից է գողություն կատարել։ Մինչդեռ դեպքի վերաբերյալ Առաքելյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ վիճաբանությունը կապված է եղել է մանկատան երեխաներին նեղացնելու հարցի հետ։
Ինչու՞ պահնորդը չի վնասազերծել դանակահարողին
Դեպքից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, որ դանակահարությունը տեղի է ունեցել անվտանգության աշխատակցի աչքի առաջ, ով չի կարողացել կանխել երիտասարդի գործողությունները եւ այժմ ազատված է աշխատանքից: NEWS.am–ը պարզեց, որ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի անվտանգությունը մինչև դանակահարության դեպքն ապահովել է «Պահնորդ գրուպ» պահնորդական ծառայությունը, իսկ դեպքի օրը կենտրոնում ծառայություն է իրականացրել նույն ծառայության պահնորդ 29–ամյա Կարեն Ներսիսյանը։ Վերջինս թիավարություն մարզաձևի Հայաստանի բազմակի չեմպիոն է, սպորտի վարպետ։
NEWS.am–ի հետ զրույցում Կարեն Ներսիսյանն ասաց, որ արդեն 8 տարի է աշխատում է անվտանգության ոլորտում, պաշտպանություն է իրականացրել պահպանվող տարբեր օբյեկտներում։ Նա նշեց, որ երեք ամիս է, ինչ իրականացրել է «Զատիկի» պահպանությունը, իսկ դեպքի օրը ստիպված է եղել միայնակ և անզեն բաժանել կենտրոն ներխուժած Կարենին և նրա հետ վիճաբանող սաներին։
«Ես միայնակ իրականացրել եմ այդ տարածքի անվտանգությունը, վիճաբանության պահին եղել եմ դրսում, որտեղ 24 երեխա կար, ինձ կանչել են և արագ հասել եմ տեղ, որտեղ արդեն երեքով միմյանց էին քաշքշում, հազիվ հասցրել եմ մեկին տանել մի կողմ, իսկ այդ ընթացքում այդ երիտասարդը դանակահարել է տղաներից մեկին, ես ֆիզիկապես չէի կարող միայնակ կանխել դեպքը, քանի որ ոչ զենք ունեի, ոչ էլեկտրաշոկ, ոչ այլ իր»,–ասաց Ներսիսյանը։ Հարցին, թե ինչու՞ ապահովված չի եղել զենքով կամ հատուկ միջոցներով, Ներսիսյանը պատասխանեց.
«Ես նախկինում այլ պահնորդական ծառայություններում եմ աշխատել և կրել եմ համապատասխան տեխնիկա, իսկ այստեղ ասում էին կտանք, բայց երեք ամիս է՝ չէին տվել, միայնակ համ դուրսն էի հսկում, համ ներսը, իրենք ոչինչ չեն տվել, բայց պահանջել են, իսկ դեպքից հետո՝ ազատել աշխատանքից»։
Նշենք, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պահնորդական կազմակերպությունը պարտավոր է պահնորդին տրամադրել հատուկ համազգեստ, անձը հաստատող վկայական, զենք, հատուկ և տեխնիկական միջոցներ: Իսկ պահնորդական ծառայություններ մատուցելու ընթացքում իրավախախտին վնասազերծելու ընթացքում պահնորդը կարող է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրել քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու դեպքում։
Իսկ մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացնում է ոստիկանությունը, լիցենզիան տրամադրվում է բարդ ընթացակարգով`անժամկետ։ Հետաքրքիր է ՝ ինչպե՞ս է «հաջողացրել» անզեն պահնորդներով ընկերությունը առհասարակ լիցենզիա ստանալ և իրականացնել երեխաների խնամքով զբաղվող նման կենտրոնի անվտանգության ապահովումը։
Ինչի՞ համար է դատապարտված եղել «Զատիկի» նախկին սանը
NEWS.am–ը պարզեց, որ Կարեն Առաքելյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելու համար այս տարվա հունվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի վճռով դատապարտվել է երկու տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, սակայն նրա նկատմամբ նշանակված ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` երեք տարի ժամկետով: Ներկայումս Կարեն Առաքելյանի վերաբերյալ մեկ այլ՝ գողության և գողության փորձի դրվագով գործ է քննվում նույն դատավորի վարույթում։ Այս գործով նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։
NEWS.am–ի հետ զրույցում փաստաբան Շուշանիկ Շահինյանը, ով գողության գործով Առաքելյանի շահերն է ներկայացնում դատարանում, նշեց, որ իր պաշտպանյալը բավականին հավասարակշռված, հանգիստ և խելացի երիտասարդ է։ Նա հերքեց այն տեղեկությունը, որ իր վստահորդը նախկինում դանակահարության փորձեր է կատարել։
«Պրակտիկայում շատ են դեպքերը, որ տուժողի հակաիրավական, հակաբարոյական վարքի հետևանքով են նման դեպքեր լինում, իհարկե, ես իրավունք չունեմ այս գործով որևէ տեղեկություն հայտնել, պարզապես որպես քաղաքացի կարող եմ ասել, որ այս դեպքում էլ գործ ունենք նմանատիպ իրավիճակի հետ։ Չգիտեմ հետագայում այս գործն ինչ ընթացք կունենա, գուցե անհրաժեշտ պաշտպանություն որակվի և նա արդարացվի, գուցե լրիվ հակառակը լինի»,–ասաց նա՝ չբացառելով, որ դանակահարության գործով հենց ինքը ներկայացնի Առաքելյանի շահերը։
Խեղված մանկություն, դաժան ճակատագիր
«Զատիկի» 19–ամյա նախկին սանը դաժան մանկություն է ունեցել։ Տղան 14 տարեկան է եղել, երբ հայրը սպանել է մորը։ Հայրը 2016թ. դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և ներկայումս պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում։ Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատվճռի համաձայն՝ Արտակ Առաքելյանը խանդի հողի վրա որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ մարմնի տարբեր մասերին այդ կերպով ապօրինաբար նրան զրկել է կյանքից Այս գործով ուշագրավ ցուցմունքներ է տվել Կարեն Առաքելյանը, պատմելով ընտանեկան վեճերի, մոր նկատմամբ դաժան վերաբերմունքի և այլ մանրամասների մասին, որոնք սական չենք հրապարակում՝ հաշվի առնելով, որ ողբերգական դեպքի պահին տղան անչափահաս է եղել։
Թե ինչ ընթացք կստանա դատակահարության այս գործը, թերևս կանխատեսելի է։ Մնում է այս պատմությունից հետևություն անեն պատկան մարմինները, չէ՞ որ ի վերջո գործ ունենք պետության հոգածության տակ հայտնված երեխաների անվտանգության և դաստիարակաության հետ։





























