Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսը միջեւ պայմանավորվածություններն ակնհայտ են, ընդ որում այդ ուժերը միմյանց հետ պայմանավորվել են հերթական խորհրդարանում ՀԱԿ-ին տրվելիք տեղերի շուրջ։ Մայիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
«ՀԱԿ-ը դավաճանեց իր սկզբունքներին, հասավ իր նեղ պահանջների կատարմանը, իսկ արտարհերթ ընտրությունների մասին նրա հայտարարությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ խաղ։ Այժմ քաղաքական այդ ուժն իշխանությունների հետ պայմանավորվում է առաջիկա խորհրդարանում իրեն հատկացվելիք տեղերի մասին»,- ասաց Կարապետյանը՝ կարծիք հայտնելով, որ իշխանությունները ՀԱԿ-ին հերթական խորհրդարանական ընտրություններից հետո 15 տեղից ավելին չի տա։
ԺԿ նախագահի խոսքով, ժողովուրդը քաղաքական որեւէ ուժի այլեւս չի վստահում եւ հիասթափվել է անգամ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից։
«Եւ դա այն պատճառով, որ նա մարտի 1-ի հանրավաքի ժամանակ նստացույցի տրամադրված մարդկանց հորդորեց տուն գնալ եւ նստացույցն անցկացնել հաջորդ անգամ։ Մեր ակնկալիքն այն է, որ հիասթափված մարդիկ, ովքեր չեն համակրում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին, գան երրորդ ուժի՝ մեր կողմը։ Իսկ երրորդ ուժը, որն ուղղակի անհրաժեշտություն է, ի դեմս մեզ՝ արդեն գոյություն ունի»,- ասաց Կարապետյանը։
Ամփոփելով՝ ԺԿ նախագահը հիշեցրեց, որ իրենց հանրահավաքը, մայիսի 3-ի փոխարեն, Մատենադարանի մոտ տեղի կունենա մայիսի 5-ին, որովհետեւ ՀԱԿ-ը մենաշնորհային կարգով տարածքը զբաղեցրել է բոլոր մնացած օրերի համար։
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե մինչեւ մայիսի 31-ը ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ՀԱԿ-ը պատրաստ է իշխանությունների հետ երկխոսության գնալ, հետագա պահանջների կատարման շուրջ:





























