Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 2-ին ժամանել է Բրյուսել` մասնակցելու ԵՄ Արեւելյան գործընկերության` ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի մայիսի 3-ին կայանալիք հիմնադիր նիստին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը երեկոյան Հ. Աբրահամյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ: ԱԺ նախագահն ընդգծել է, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Նա կարեւորել է Եվրախորհրդարանի եւ Հայաստանի ԱԺ-ի միջեւ այս տարի ստորագրված Վերապատրաստման ծրագիրը, որը` Եվրոպական հեղինակավոր կառույցի հարուստ փորձին ծանոթանալու նպատակն ունի:
Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ մայիսի 18-ին Եժի Բուզեկի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ հետզհետե ամրապնդվող հարաբերություններին:
Եժի Բուզեկը կարեւորել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, բարձր է գնահատել նկատելի առաջընթացը այս ուղղությամբ` նշելով, որ ԵՄ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ ընդլայնել համագործակցությունը: Անհրաժեշտ համարվել տնտեսական փոխգործակցության ակտիվացումը, ներդրումային ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին` կարեւորելով ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը:
Մայիսի 3-ին ԱԺ նախագահը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին, որին կմասնակցեն նաեւ Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով: Նախատեսվում է ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում:





























