Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական ու բուսասանիտարիայի պետական տեսչությունների ապրիլի 30-ին ազատված աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին, գյուղատնտեսության նախարարին, որում բողոքում են աշխատանքից ապօրինի ազատման դեմ։

«Փաստորեն մարդկանց համար վճռորոշ ապրիլի վերջին օրը  տեսչության աշխատողների մի ստվար զանգվածի, մինչեւ նրա կարգավիճակի մասին տեղեկացնելը, տվեցին ստորագրելու քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ գրանցելու մասին դիմում եւ միաժամանակ պահանջեցին հավաքել սեփական իրերը եւ ազատել աշխատասենյակները: Հաջորդ, կիրակի օրը եւս մի շարք աշխատողների զանգահարել են եւ պահանջել ներկայանալ ու հավաքել սեփական իրերը»,- նշված է բաց նամակում:

Բացի այդ՝ աշխատանքից ազատվելու հրամանը ստորագրվել է ապրիլի 18-ով, այնինչ այդ մարդիկ փաստացի աշխատել են մինչեւ ապրիլի 30-ը։

Բաց նամակի հեղինակների կարծիքով՝ աշխատանքից ազատումը եղել է անօրինական, իսկ տեսչության նորանշանակ պետը՝ ոմն Արսեն Սարգսյան, անհարգալից է վերաբերվել նախկին աշխատակիցներին՝ հրաժարվելով պատշաճ բացատրություններ տալ։

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարության վերը նշված 2 ստորաբաժանումները ՀՀ նախագահի 2010 թ. դեկտեմբերի 11-ի հրամանագրով միավորվեցին՝ կազմելով սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն։ Միավորումն իրականացվեց գործառույթների կրկնությունը բացառելու եւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։