Սիրած տղամարդու կողմից լքված չինուհին օրիգինալ միջոց է հորինել վրեժխնդիր լինելու համար՝ նախկին ընկերոջը մեկ տոննա սոխ ուղարկելով: Կինը Շանդուն նահանգից մի տոննա սոխը ձեռք էր բերել համացանցի միջոցով, որն առաքվել էր նախկին ընկերոջ տուն: Նա առաքիչներին խնդրել էր սոխը նետել տղամարդու տան դիմաց եւ հեռանալ՝ առանց դռան զանգը տալու, հայտնում է Shandong Net-ը: «Ես երեք օր լաց եմ եղել, եւ հիմա քո հերթն է»,- գրել էր նա «նվերին» կցված նամակում:

Կինը Shandong Net-ին պատմել է, որ նրանք մոտ մեկ տարի հանդիպում էին, մինչեւ տղամարդը որոշեց «միակողմանի կերպով» խզել հարաբերությունները: «Դա ինձ մեծ ցավ էր պատճառել, իսկ նա նույնիսկ լաց չեղավ»,- ասել է նա: Ուստի կինը որոշել էր նվեր ուղարկել, որը «կքամի նրա արցունքները»:

«Փողը ոչինչ է: Բայց զգացմունքները երկու մարդու միջու թանկ են: Ես չեմ կարող լինել միակը, ով լաց է լինում»,- հավելել է նա:

Դաժան բաժանումը սարսափելի գարշահոտ էր առաջացրել ամբողջ թաղամասում: «Ես չգիտեմ՝ լացում է նրա ընկերը, թե ոչ: Բայց ես շնչահեղձություն եմ զգում,- ասել է նույն բնակելի թաղամասում ապրող կինը:- Ամբողջ համայնքը փտած սոխի հոտով է լցվել»: