Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 3-ին Բեռնում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-շվեյցարական միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր եւ հույս հայտնել, որ հայ-շվեյցարական պատգամավորական բարեկամության խմբերն օգտագործելով միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական շփումները ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում` երկու երկրների պատվիրակությունների ակտիվ փոխգործակցության միջոցով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են հանդիպման արդյունքները:





























