Պարենային խմբի ապրանքների (սննդամթերք, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտ) արտադրության ծավալը ընթացիկ տարվա մարտ ամսին կազմել է 20 միլիարդ դրամ: 20 տոկոս հավելագնի հաշվարկով, մանրածախ ցանցում այդ ծավալը կկազմի 24 միլիարդ դրամ:
Ռեսուրսների 86,3 տոկոսը կազմել է սննդամթերքը, 9,3 տոկոսը` ալկոհոլային խմիչքները, իսկ 4,4 տոկոսը` ծխախոտային արտադրանքը:
Պարենային խմբի ապրանքների ներմուծումը ազգային արժույթով կազմել է մոտ 24 միլիարդ դրամ: Եթե մաքսային արժեքին գումարենք մեծածախ եւ մանրածախ առեւտրային հավելագները, ապա կստանանք 36 միլիարդ դրամի ներմուծված ապրանքային ռեսուրսներ:
Այդպիսով, շուկայի պոտենցիալ ռեսուրսների ծավալը կարելի է համարել 60 միլիարդ դրամ, որից միայն 40 տոկոսն է հայրենական արտադրության: Այս թիվն իհարկե պայմանական է, քանի որ ներմուծման ցուցանիշում ներառված է նաեւ հայաստանյան վերամշակող արդյունաբերության համար անհրաժեշտ հումքը:
Ներմուծվող ցորենը Հայաստանում գրեթե ամբողջությամբ օգտագործվում է հացի արտադրության (մարտ ամսին` 25,1 հազար տոննա) եւ հրուշակեղենի համար: Այդ պատճառով ներմուծման եւ սննդամթերքի տեղական արտադրության պարզ համեմատությունը խիստ պայմանական է: Այս ոլորտի իրական պատկերն ավելի բարդ է: Իսկ կախվածությունը ներմուծումից ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Պաշտոնականան վիճակագրությամբ, գյուղատնտեսական շուկայում մարտ ամսին իրացվել է 1,7 միլիարդ դրամի ապրանք, ինչը երկրի ընդհանուր մանրածախ ապրանքաշրջանառության 2 տոկոսն է: Այս ցուցանիշը բնորոշ է տարվա այս ժամանակահատվածին, երբ բուսաբուծության արտադրական ծավալը նվազագույնն է եւ հիմնականում ապահովվում է ջերմոցային տնտեսությամբ:
Պետք է հաշվի առնել, որ գյուղատնտեսական ապրանքների շուկայում նույնպես քիչ չէ ներմուծված ապրանքը: Ցիտրուսային մրգերին գումարվել են նաեւ Թուրքիայից ներմուծված լոլիկը: Այս փաստն առաջացրել է տեղական ջերմոցային տնտեսությունների տերերի դժգոհությունը: Նրանք պետությանը մեղադրում են պրոտեկցիոնիզմի բացակայության մեջ:
Սակայն տեղական արտադրողները մասամբ ունեն սեփական մեղքը: Տեղական ջերմոցային վարունգի եւ լոլիկի բարձր գնի պատճառով նրանք խրախուսել են ներմուծողների հետաքրքրությունը լոլիկի ներկրման նկատմամբ:
Բիզնեսը մնում է բիզնես եւ տեղական ջերմոցային տնտեսությունների տերերը պետք է մտածեն էժանացման մասին արտադրության ծախքերի կրճատման միջոցով, ոչ թե ներմուծման համար արհեստական արգելքների ստեղծմամբ: Ժամանակն է նաեւ, որ հայրենական ձեռներեցները չօգտվեն շուկայում մրցակցության ցածր մակարդակից եւ հրաժարվեն գերշահույթներից: Այլապես լոլիկին կհաջորդի նաեւ մյուս գյուղմթերքների ներմուծումը:
Առանց այդ էլ պարենային խմբում նկատվում են ծայրահեղ անբարենպաստ միտումներ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով, տավարի մսի ընդհանուր ռեսուրսներում ներմուծումը կազմել է 25,7 տոկոս, թռչնամսինը` 84,7 տոկոս, ձուկը` 15,4 տոկոս: Նկատենք, որ սրանք բանան եւ սուրճ չեն, այլ սննդամթերք, որի արտադրությունը Հայաստանն ունի:
Շատերն են հարցադրում անում, թե ինչու երկրում չեն ստեղծվում բարդ տեխնիկական ապրանքների, այդ թվում էլեկտրոնիկայի հավաքման համաշխարհային առաջատար ընկերոթյունների մասնաճյուղեր: Ինչ-որ բան արվում է: Օրինակ` հայ-գերմանական «Էլբատ» ձեռնարկությունում արտադրվում է ավտոմեքենաների կուտակիչ-մարտկոցներ: Գործարանը, որն այս ուղղությամբ միակն է տարածաշրջանում նախատեսում է երկարաժամկետ հեռանկարում արտադրել տարեկան մինչեւ 300 հազար մարտկոց: Հայաստանի շուկայի համար դա շատ է, թեեւ ավտոմեքենաների թիվը Հայաստանում մոտենում է կես միլիոնի սահմանին: Այդ պատճառով ձեռնարկությունը հետաքրքրված է արտադրանքը հարեւան երկրներ արտահանելու մեջ:
Այստեղից էլ հետեւում է պատասխանը: Տեխնիկական բարդ ապրանքների մեծածավալ հավաքման համար անհարժեշտ է նույնքան մեծածավալ սպառման երաշխքիներ: Հայաստանի շուկան այդ իմաստով փոքր է, իսկ արտահանումը հարեւան երկրներ բախվում է օբյեկտիվ արգելքների:
Հայրենական բիզնեսն անհույս պարտվում է նաեւ ներքին շուկայում, թեեւ կա պոտենցիալ հնարավորություն այն ամբողջովին ապահովել ներքին արտադրությամբ: Իսկ ներմուծումը կլիներ միայն ապրանքատեսակների ընտրության ընդլայնման եւ «էլիտար» պահանջարկի բավարարման համար: Սակայն որոշ շուկաներում ներմուծման չափազանց մեծ մասնաբաժինը վկայում է հայրենական ապրանքների ցածր մրցունակության մասին:
2011թ. առաջին եռամսյակի տվյալներով, օղու ռեսուրսների ընդհանուր ծավալում հայրենական արտադրողի բաժինը կազմել է 58,5 տոկոս, իսկ ծխախոտային արտադրանքում` 50,2 տոկոս: Ներմուծված գինու բաժինը առաջին եռամսյակում կազմել է 27,7 տոկոս:
Ալբերտ Խաչատրյան





























