Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, Երեւանը Վիլնյուսին դիտում է որպես հուսալի գործընկեր։ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ համագործակցությունը հուսալի հիմքերի վրա է եւ ամեն օր նոր ոլորտներ է ներառում։ Սերժ Սարգսյանը նշել է երկկողմ հարաբերություններն առավել սերտացնելու անհրաժեշտության մասին։ Նա նաեւ անհրաժեշտ է համարել Հայաստանը եվրոպական կառույցների մեջ ներգրավելու լիտվական փորձի կիրառումը։

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն ընդգծել է, որ Լիտվայի նպատակը Հայաստանի եվրաինտեգրմանը նպաստելն է, ինչը կօգնի երկրի ժողովրդավարացմանը:

Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ Լիտվայի նախագահն ընդգծել է, որ այդ հարթությունում երկու երկրները փայլուն ապագա ունեն։ «Մենք պատրաստ ենք ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ»,- ասել է Գրիբաուսկայտեն։