ԱՄՆ ուժերի կողմից Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո ահաբեկչության ռիսկը Մեծ Բրիտանիայում ծայրահեղ բարձր է եւ հարձակումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի` առանց նախազգուշացման: Նման կարծիք է հայտնել Լոնդոնի ոստիկանության գլխավոր կոմիսար սըր Փոլ Սթիվենսոնը:
Մայիսի 4-ին Լոնդոնում հանդես գալով անվտանգության հարցերին վերաբերող ելույթով, Սթիվենսոնը նշել է, որ առավելագույն զգոնությունը պետք է հիմա դառնա կառավարության, ոստիկանության եւ անգամ հասարակ մարդկանց գլխավոր խնդիրը, քանի որ ահաբեկչությունը «բյուրոկրատական հորինվածք չէ, այլ օբյեկտիվ իրականություն»:
«Այլ խոսքով, դա նշանակում է, որ ահաբեկչությունը կարող է հիմա տեղի ունենալ ցանկացած պահի»,- ասել է Սթիվենսոնը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ալ-Քաիդայի» առաջնորդ բեն Լադենը ոչնչացվել է մայիսի 2-ի գիշերը` Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից ոչ շատ հեռու: Նրա մարմինը հանձնվել է ծովին:
Ամերիկյան իշխանությունները որոշել են բեն Լադենին չթաղել հողում, որպեսզի գերեզմանը հետեւորդների համար ուխտատեղի չդառնա:





























