2020թ. մայիսի 31-ին՝ տարբեր ժամերի, «Միքայելյան» բժշկական կենտրոնից հաղորդումներ են ստացվել, որ որովայնի ձախ կողմի եւ աջ ազդրի կտրած-ծակած վերքեր,  ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք եւ  փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  Երեւան քաղաքի 3 բնակիչներ:

Նախնական տվյալներով՝  նույն օրը՝ ժամը 01։15-ին, Մամիկոնյանց փողոցում չորս քաղաքացիներ վիճաբանել եւ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում  Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչն իր մոտ եղած դանակով հարվածել է վիճաբանության մասնակիցներից մեկի՝ 42-ամյա համաքաղաքացու որովայնին եւ աջ ազդրին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիները տուժող են ճանաչվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել է առերեւույթ հանցագործության գործիք դանակը: Հարցաքննվել են մի շարք անձինք:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

2020թ. մայիսի 31-ին Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչը  ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: