Սլովակիան թույլ կտա անարգել ճանապարհորդել 16 եվրոպական երկրներ եւ ժամանել այդ երկրներից, եւ կչեղարկի փողոցներում պարտադիր դիմակներ կրելու կանոնը։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իգոր Մատովիչը, հայտնում է Reuters-ը։

Գերմանիայից, Լիխտենշտեյնից, Շվեյցարիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Կիպրոսից, Մալթայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Դանիայից եւ Իսլանդիայից այցելուները կարող են առանց խոչընդոտների այցելել երկիր:

Սլովակիան անցյալ շաբաթ կրկին բացել է հարեւան Չեխիայի, Ավստրիայի եւ Հունգարիայի հետ սահմանները։

Սլովակիան նախքան երկրում կորոնավիրուսի հայտնվելը մտցրել էր համեմատաբար խիստ սահմանափակումներ, այդ թվում՝ սահմանների փակումը, եւ զգուշությամբ է սկսել բացել դրանք:

Մատովիչը նաեւ ասել է, որ արտասահմանից ժամանելուն պես պարտադիր կարանտինը կվերացվի անվտանգ ցուցակում ներառված երկրների համար, եւ մարդիկ ստիպված չեն լինի ակտիվացնել «խելացի կարանտինն» իրենց բջջային սարքերում:

Սլովակները, ովքեր կվերադառնան «անվտանգ ցուցակում» չընդգրկված երկրներից, պետք է մեկուսանան եւ կորոնավիրուսային թեսթ անցնեն: «Մենք արգելքներից անցում ենք կատարում դեպի անձնական պատասխանատվություն»,- ասել է Մատովիչը:

5,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է COVID-19- ի 1531 դեպք՝ 28 մահվան ելքով: