Օտարերկրացիներին արգելված է մուտք գործել Թաիլանդի գլխավոր տեսարժան վայրերից մեկը COVID-19-ի պատճառով՝ ելնելով վախից, որ հիվանդությունը կարող է տարածվել:

Բուդդայական Վաթ Փխո տաճարի գլխավոր մուտքի մոտ փակցված է ցուցանակ, որտեղ անգլերեն գրված է. «Միայն թաիլանդացիների համար»:

Տաճարի աշխատակիցներից մեկը բացատրել է, որ տաճարի կոմիտեն որոշել է բացառել օտարերկրացիների մուտքը COVID-19-ի կապակցությամբ: «Բազմաթիվ երկրներում հիվանդության բռնկումը դեռեւս շարունակվում է, ուստի մենք պետք է աչալուրջ լինենք եւ հետեւենք կառավարության խորհուրդներին»,-ասել է նա:

Թաիլանդում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը փոքր էր, եւ ամենավերջին դեպքերը գրանցվել էին արտերկրից հայրենիք վերադարձած թաիլանդացիների մոտ: 69 մլն բնակչություն ունեցող երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 3125, ընդ որում՝ մահացել է 58 մարդ: