Ավստրալիայի խոշորագույն նահանգ Նոր Հարավային Ուելսը հայտնել է մայիսի վերջից կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպքի մասին, հայտնում է Reuters-ը:
Հիմա նահանգում վարակումների ընդհանուր թիվը մոտեցել է 7300-ի: Ավստրալիայում մինչեւ հիմա կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացել է 102 մարդ:
Վարակման դեպքերից մեկը կապված է տեղացու հետ. նա 20-ամյա տղամարդ է, որը չի մասնակցել Սիդնեյում բողոքի ակցիաներին, որոնք կազմակերպվել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ:
«Ամենայն հավանականությամբ, վիրուսը դեռեւս շրջանառվում է համայնքում: Թեթեւ ախտանիշներով կամ առանց ակնհայտ ախտանիշների մարդիկ կարող են չիմանալով վարակել մյուս մարդկանց»,- հայտարարել են նահանգի առողջապահության նախարարությունից:
Վարակման չորս նոր դեպքերից երկուսը կապված են ճանապարհորդների հետ, որոնք արդեն հյուրանոցում կարանտինի մեջ են, իսկ մեկ դեպքը կապված է դպրոցում ինֆեկցիայի բռնկման հետ:
Ավստրալիան հայտնի է որպես COVID-19 համավարակի դեմ առավել հաջող պայքարող երկրներից մեկը: Ավստրալիայի շատ հատվածներում արդեն հայտարարել են կորոնավիրուսից ազատվելու մասին: Իսկ հուլիսին երկրում ամբողջությամբ կվերսկսվի տնտեսական գործունեությունը:





























