Վրաց-ռուսական Կազբեկի-Վերին Լարս մաքսային կետը հատող ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության նկատմամբ, այսօրվանից` մայիսի 7-ից հանվում են բոլոր սահմանափակումները` կապված բեռնատար եւ ուղեւորատար տրանսպորտային միջոցների չափերի եւ ուղեւորատարողունակության հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, մաքսային կետն աշխատելու է պարբերաբար փոխվող միակողմանի երթեւեկությամբ` կախված Վրաստանի եւ Ռուսաստանի մաքսակետերում տրանսպորտային միջոցների գոյացած քանակից: Այս տեղեկատվությունը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրել է Վրաստանի ճանապարհային ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ եւ կիսակցորդներով բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել եւ թույլատրված էր միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների, մինչեւ 30 ուղեւոր տարողունակությամբ ավտոմեքենաների եւ մինչեւ 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը:





























