Մեզնից շատերն ինչ-որ բան մոռացել են գնացքներում՝ հեռախոս, դրամապանակ կամ ականջակալներ, սակայն քիչ հավանական է, որ ինչ-որ մեկն իջներ գնացքից՝ թողնելով դրանում ոսկով լցված պայուսակ։

Այդուհանդերձ, այդպիսի մարդ գտնվել է այնպիսի ապահովված երկրում, ինչպես Շվեյցարիան է, հաղորդում է BBC News-ը։

Եւ այժմ ոստիկանությունը փնտրում է նրան թանկարժեք ուղեբեռը վերադարձնելու համար։

3 կգ ոսկի մոռացած ուղեւորին որոնում են դեռեւս հոկտեմբերից։

Թանկարժեք ուղեբեռը, որի մոտավոր արժեքը կազմում է 191 000 դոլար, մոռացվել էր Սանկտ Գալեն եւ Լյուցեռն քաղաքների ճանապարհին։

Ըստ Լյուցեռնի դատախազության հայտարարության՝ պայուսակի սեփականատերն ունի 5 տարի իր սեփականությունը հետ ստանալու համար։

Նշվում է, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է ոսկու սեփականատիրոջը հաջողվելու ապացուցել, որ այդ կարողությունը պատկանում է հենց իրեն։