Բիպ, Պիպ եւ Միպ անունով երեք բադեր են ծնվել այն ձվերից, որոնք բրիտանուհին գնել է սուպերմարկետների Waitrose ցանցում։
Չառլի Լելոն որոշել է ինկուբացնել բադի ձվերը, երբ նրան ազատել են աշխատանքից։ «Գաղափարը ծնվեց Facebook-ի իմ ժապավենում մի տեսանյութ դիտելուց հետո, որում ինչ-որ մեկը նույնը արել էր լորի ձվերի հետ»,- CNN-ին ասել է նա։
«Ես տեսա բադի ձվերը եւ մտածեցի, որ դա կարող է գործել: Ինկուբատորում 6 օր հետո ես ստուգեցի բադի ձվերը, տեսա երակները եւ շատ փոքրիկ ալիքավոր սաղմը»,- պատմել է նա: Ըստ նրա, առաջինը դուրս է եկել Բիպը: Երկու օր նա մենակ է եղել, հետո հայտնվել է Պիպը, եւ մի շաբաթ անց՝ Միպը»:
Նա նշել է, որ դա «հրաշալի զգացողություն» է, սակայն յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է նույնը անել, պետք է ուսումնասիրություններ անի եւ համոզվի, որ կարող է ճիշտ միջավայր ու տեղ ապահովել ճուտիկներին խնամելու համար:





























