Վիեննայում տղամարդուն 500 եվրոյի տուգանել են այն բանի համար, որ նա դիտավորյալ բարձրաձայն գազ է բաց թողել ոստիկանների ուղղությամբ։ Եթե տուգանքը չմուծվի, տղամարդուն հնգօրյա ազատազրկում է սպառնում։
Ոստիկանությունում հայտարարել են, որ տղամարդը խախտել է հասարակական պատշաճությունը՝ ոստիկանների ներկայությամբ բարձրաձայն գազեր արձակելով, հայտնում է Newsweek-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 5-ին: Վիեննայի ոստիկանական վարչությունը մի շարք թվիթներում նշել է, որ նման բան կարող է պատահաբար լինել: Սակայն այս դեպքում դա արվել է միտումնավոր՝ սադրանքի նպատակով․ «Տղամարդը թեթեւակի բարձրացավ այգու նստարանից, նայեց սպաներին եւ ակնհայտորեն կանխամտածված ուժեղ գազ բաց թողեց սպաների անմիջական հարեւանությամբ»:
Մեկ այլ թվիթում Վիեննայի ոստիկանությունը հայտարարել է, որ պատիժը «քրեական գործերով աշխատակցի կողմից կիրառվում է անհատական կերպով՝ յուրաքանչյուր առանձին դեպքի համար: Այն կարող է բողոքարկվել»:





























