Հունիսի 21-ին աշխարհը նշում է Յոգայի միջազգային օրը (International Yoga Day), որը հիմնադրվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2014 թ. № 69/131 բանաձեւով, եւ որի նպատակն է բարձրացնել համաշխարհային հանրության տեղեկացվածությունը յոգայի առավելությունների եւ կենսակերպի մեջ դրա ընդունման վերաբերյալ, գրում է Calend.ru-ն:
Առաջին անգամ տոնը նշվել է 2015-ի հունիսին, իսկ հաստատության նախաձեռնությունը եւ օրվա ամսաթվի ընտրությունը պատկանում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Եվ սա պատահական չէ: Հնդկաստանը յոգայի ծննդավայրն է, որտեղ այս ուսմունքը հին ժամանակներից է քարոզվում: Ամսաթվի ընտրությունն ընկել է տարվա ամենաերկար օրվա վրա՝ երկրագնդի կեսի համար: Այս ամսաթիվը, որը կապված է Արեւի ակտիվության հետ, որոշակի նշանակություն ունի շատ ժողովուրդների համար եւ հայտնի է որպես ամառային գիշերահավասարի օր:
Հնդկաստանի վարչապետի նախաձեռնությանը աջակցել են բոլոր 175 պետությունները, որոնք ներկայացուցչություններ ունեն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, իսկ 2014-ի դեկտեմբերին հունիսի 21-ը հռչակվել է որպես Յոգայի միջազգային օր: Տոնի հիմնադրմանն ուղղված այսպիսի միաձայն աջակցությունը պայմանավորված է այն օգուտի ճանաչմամբ, որը բերում եւ կուլտի է վերածում յոգայի ուսմունքը՝ ֆիզիկական եւ հոգեբանական առողջության համար, ինչը կարեւոր դեր է խաղում ժամանակակից աշխարհում մարդու հոգեկան աշխարհի վրա աճող ծանրաբեռնվածության պայմաններում։
Յոգան հին ֆիզիկական, հոգեկան եւ հոգեւոր պրակտիկա է, «յոգա» բառը գալիս է սանսկրիտից ու նշանակում է «միացում» կամ «կապ»՝ խորհրդանշելով մարմնի եւ գիտակցության կապը:
Սկիզբ առնելով հինդուիզմից՝ յոգայի պրակտիկան կապված է նաեւ բուդդիզմի հետ, որտեղ նույնպես հիմնական նպատակը համապարփակ ներդաշնակությունն է: Եվրոպայում եւ Ամերիկայում հին հնդկական դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը ծագել է 19-րդ դարում, սակայն այս ուսմունքը ժողովրդականություն ստացել է արդեն 20-րդ դարում: Այսօր յոգայի նվիրյալների թիվը շարունակում է աճել ամբողջ աշխարհում:





























