Բուլղարիայի կառավարությունը կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով որոշում է կայացրել երկրի արտակարգ համաճարակաբանական ռեժիմը երկարաձգել մինչեւ հուլիսի 15-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք նախատեսում խիստ սահմանափակումներ կիրառել, բայց կարող ենք փակել մարզադաշտերը, եթե երկրպագուները սոցիալական հեռավորություն չպահպանեն»,- ասել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւը պարզաբանել է, որ փակ հասարակական վայրերում պաշտպանիչ դիմակներ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը պարտադիր է:

Անցած օրվա ընթացքում Բուլղարիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք՝ 51-ով ավել, քան երեքշաբթի օրը: Ինչպես նշվում է Բուլղարիայի առողջապահության նախարարության տեղեկատվական պորտալում, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4 114-ի:

Վարակվածների թվում 373 բուժաշխատող կա: 208 մարդ մահացել է: Ներկայումս երկրի հիվանդանոցներում բուժվում է կորոնավիրուսով վարակված 362 մարդ, որից 13-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում: Վերականգնվել է 2 217 մարդ:

Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել էին մարտի 8-ին: Մարտի 13-ից մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն էր գործում: Ներկայումս Բուլղարիայում պահպանվում է արտակարգ համաճարակաբանական իրավիճակի ռեժիմը, որը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 15-ը: