Իտալիայի բժիշկները COVID-19 կորոնավիրուսի վարակում են հայտնաբերել 28 միգրանտների մոտ, որոնք փրկվել են Միջերկրական ծովում՝ գերմանական Sea Watch նավի կողմից, չորեքշաբթի հայտնել է նորությունների RaiNews24 ալիքը։

Ավելի վաղ 200 վթարի ենթարկված փախստականներ բարձրացվել էին կարանտինային Moby Zaza նավի վրա, որը շրջայց էր կատարում սիցիլիական Պորտո Էմպեդոկլե նավահանգստում։ Երեքշաբթի նրանց բոլորին կորոնավիրուսի թեսթ են արել։ 28 դեպքերում թեսթերը դրական արդյունք են ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հաղորդվել է նաեւ, որ երեքշաբթի միգրանտներից մեկը շտապ հոսպիտալացվել է Կալտանիսետա քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոց՝ տուբերկուլյոզի կասկածով։ Նրա մոտ նաեւ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Սրա հետ կապված՝ Սիցիլիայի նախագահ Նելո Մուզումեչին ընդգծել է, որ ծովում փրկված միգրանտներին հատուկ կարանտինային նավ բարձրացնելու շրջանային իշխանությունների որոշումը շատ արդարացված էր։ «Այսօր ավելի քան հասկանալի է մեր նախկին հարցումը։ Իսկ նրանք, ովքեր զառանցում էին՝ մեղադրելով մեզ ռասիզմի մեջ, այժմ հասկացան, որ մենք ճիշտ էինք»,- Facebook-ում գրել է նա։