Էրիխ Մարիա Ռեմարկը գրել է. «Եթե արտաքինից դատելու լինենք, ապա հանցագործներ ընդհանրապես չէին լինի»: Բայց մենք պարոն Ալիեւի մասին կդատենք ըստ էության: 4 օր է անցել այն ժամանակից, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցեց զորամասի բացմանը: Ադրբեջանական լրատվական պորտալներից մեկը փոխանցեց նրա ելույթը, որը լի է ստով ու պոպուլիզմով: Խիզախություն ձեռք բերած պետության ղեկավարը, որի պատմությունը կազմում է մի քանի տասնամյակ, որոշեց խոսել Հայաստանի պատմության մասին, որը կազմում է մի քանին հազարամյակ: Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավարը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների:

«Նա համարձակվեց գնահատել հայոց պատմությունը, մեկնաբանել յուրովի, մեր պետականությունը դիտարկել իր ոչ հեռու անկյունից: Ալիեւի յուրաքանչյուր հայտարարության հետ զգացողություն է առաջանում, որ պատմական գիտությունների ոլորտում թեկնածուական աստիճանը նրա ձեռքերն ազատել է պատմության, պատմական քարտեզների եւ փաստերի վերաշարադրման համար:

Նա իր ելույթում վկայակոչում է իր արդի պատմության էջերին Հայաստանի այսօրվա գնահատականը: Ես չեմ պատրաստվում ՄԳԻՄՕ-ի շրջանավարտին բացատրել Հայաստանում քաղաքական զարգացումների էությունը, քանի որ նա հրաշալի հասկանում է, թե իր ռեժիմի եւ անձամբ իր համար ինչպիսի վտանգ են ներկայացնում Նոր Հայաստանում ժողովրդավարական գործընթացները: Իմ խոսքը կոչ է պարոն Ալիեւին, որ նա, ինչպես ասում են, «նայի հայելուն» եւ իր երկրի ներսում խնդիրները լուծի նախքան այն, երբ դուրս է գալիս իր ավտորիտար ռեժիմի շրջանակներից:

Այո, հնարավոր է՝ «ոսկե տղայի» զգացողությունները, որ նրան շրջապատել են մանկության տարիներից՝ լինելով Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարի որդին, եւ ՄԳԻՄՕ-ում ուսանելու տարիներին, իսկ հետո 8 տարվա պատգամավորական աշխատանքի եւ 17 տարվա նախագահության շրջանում Ալիեւին ամբողջությամբ կտրել են Ադրբեջանում գոյություն ունեցող իրականությունից, բայց ես կփորձեմ նրան հիշեցնել:

Առաջին հերթին, քանի որ Դուք խոսեցիք Հայաստանում Հիմնական օրենքի խախտումների մասին, Ձեզ՝ Իլհամ Հեյդարովիչ, հիշեցնեմ Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրության մասին: Փաստաթղթի առաջին տողերը բարձրագոչ հռչակում են՝

«Ադրբեջանի ժողովուրդը…հայտարարում է իր մտադրությունների մասին.

- պաշտպանել ադրբեջանական պետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը,

- Սահմանադրության շրջանակում երաշխավորել ժողովրդավարական կարգը,

- հասնել քաղաքացիական հասարակության հաստատմանը,

- որպես ժողովրդի կամքի արտահայտություն՝ կառուցել իրավական, աշխարհիկ պետություն, որն ապահովում է օրենքների գերակայությունը,

- արդարացի տնտեսական եւ սոցիալական կարգին համապատասխան բոլորի համար ապահովել կյանքի արժանի մակարդակ,

- համամարդկային արժեքներին հավատարմությունը պահպանելով՝ մյուս ժողովուրդների հետ ապրել բարեկամության, խաղաղության եւ անվտանգության պայմաններում եւ այդ նպատակով իրականացնել փոխադարձ համագործակցություն»:

Պարո՛ն Ալիեւ, հիշեցի՞ք: Գերազանց է: Հիմա տեսնենք՝ Ադրբեջանի ժողովուրդը կարո՞ղ էր արդյոք Ձեր անփոփոխ ղեկավարությամբ հասնել դրված բարձունքներին:

Երաշխավորել ժողովրդավարական կա՞րգը: Ես, իհարկե, չգիտեի, որ ժողովրդավարությունը կարգ են անվանում, որում իշխանությունը 27 տարի շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում եւ փոխանցվում է, փաստորեն, հորից որդուն: Հայտնի է, որ ժամանակակից ժողովրդավարությունների գլխավոր մեխանիզմը ընտրություններն են: 1993 թվականին Ալիեւների ընտանիքի իշխանության գալու պահից Ադրբեջանում ոչ մի ընտրություն չի եղել, որը միջազգային դիտորդների կողմից կհամարվեր ամբողջությամբ «ազատ եւ արդար»:

Այսպես՝ դիտարկենք այս ոլորտում ամենահեղինակավոր ինդեքսներից մեկը՝ «2019 թվականի ժողովրդավարության ինդեքսը» (Democracy Index 2019)՝ պատրաստված «The Economist» պարբերականի վերլուծական կենտրոնի կողմից, որը գնահատում է 5 կարգեր՝ ընտրական գործընթացն ու պլյուրալիզմը, կառավարության գործունեությունը, քաղաքական ներգրավվածությունը, քաղաքական մշակույթը եւ քաղաքացիական ազատությունները: Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը անմխիթարական վիճակում է, զբաղեցնելով 146-րդ տեղը: Այն դեպքում, երբ Հայաստանը զեկույցում զբաղեցրել է 86-րդ տեղը եւ մտել այն երկրների թվի մեջ, որոնք նախորդ զեկույցի համեմատ առավել մեծ առաջընթաց են գրանցել:

Հասնել քաղաքացիական հասարակության հաստատմա՞նը: Իլհամ Ալիեւը 2001-2003 թվականներին ղեկավարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը, իսկ 2003 թվականի հունվարին ընտրվել է ԵԽԽՎ նախագահի տեղակալ եւ ԵԽԽՎ բյուրոյի անդամ: Դե իսկ 2004 թվականի ապրիլին ԵԽԽՎ աշխատանքին ակտիվորեն մասնակցելու եւ եվրոպական գաղափարներին հավատարմության համար պարգեւատրվել է ԵԽԽՎ անդամի պատվավոր դիպլոմով եւ ԵԽԽՎ մեդալով: Ակնհայտ է, որ Ալիեւը հետագայում այնքան էլ շատ չէր հիշում եվրոպական գաղափարներին իր հավատարմությունը, երբ իր երկրում քաղաքացիական հասարակությանը ոչնչացնում էր եւ նույն ԵԽԽՎ-ն պղծում էր հայրենիքում ձեռք բերած կոռուպցիոն հմտություններով: Դժվար է մոռանալ Եվրոպայում արձագանքը IBAC անկախ քննչական մարմնի զեկույցին Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, այդ դիվանագիտությունն օգտագործվել է նաեւ մարդու իրավունքների զանգվածային խախտումները, կամայական կալանավորումները, հսկողության տակ անժամկետ պահելը, դաժան ծեծերը, խոշտանգումները եւ բռնի անհետացումները թաքցնելու համար, որոնց մասին մշտապես պնդում են այնպիսի հեղիանակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպես «Human Rights Watch»-ը եւ «Amnesty International»-ը:

Հիշեցնեմ նաեւ, որ 2019 թվականին ԵԽԽՎ Մոնիթորինգային եւ Իրավական հարցերով կոմիտեները Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ համատեղ լսումներ կազմակերպեցին: Լսումները բացելով՝ Իրավական հարցերով եւ մարդու իրավունքների կոմիտեի ղեկավար ու Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով զեկուցող Թորհիլդուր Վարսդոթիրն ասաց, որ քաղբանտարկյալների խնդիրը մինչեւ հիմա չի լուծվել: Հենց այդ ժամանակ հետապնդումների պատճառով Ադրբեջանից հեռացած իրավապաշտպան Լեյլա Յունուսն իր ելույթում նշել էր, որ 2013 թվականի հունվարին ԵԽԽՎ անդամները քվեարկել էին Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին Սթրասերի զեկույցի դեմ: «Դրանով իսկ նրանք կանաչ լույս վառեցին Ադրբեջանում առավել սարսափելի բռնաճնշումների համար: Մեզ բոլորիս կալանավորեցին, եւ որպես արդյունք՝ այսօր երկրում քաղաքացիական հասարակություն, անկախ ՀԿ-ներ եւ լրատվամիջոցներ փաստացի չկան»,- նշել էր նա:

Որպես ժողովրդի կամքի արտահայտություն՝ կառուցել իրավական, աշխարհիկ պետություն, որն ապահովո՞ւմ է օրենքների գերակայությունը: Վերեւում նշված բոլոր փաստերից բացի, որոնք վկայում են օրենքի գերակայության լիակատար անտեսման մասին, հարկ է նաեւ նշել ԱՄՆ Պետքարտուղարության 2020 թվականի մարտի 13-ի զեկույցը, որում ադրբեջանական դատական իշխանությունը գնահատվում է զգալի չափով կոռումպացված, անարդյունավետ եւ գործադիր իշխանությունից կախված: Զեկույցում նշվում է, որ երկրում շատ դատավճիռներ եղել են իրավաբանորեն անընդունելի եւ զգալի չափով զուրկ ապացույցներից, իսկ արդյունքները հաճախ եղել են նախօրոք կանխորոշված:

Ավելին՝ 2018 թվականին Եվրոպական խորհրդի խոշտանգումների նախազգուշացման հարցերով կոմիտեն զեկույցներ հրապարակեց Ադրբեջան 6 ուղեւորությունների վերաբերյալ (2004-ից 2017 թվականներին): Կոմիտեն նշել էր, որ իրավապահ մարմինների կողմից խոշտանգումները եւ դաժան ֆիզիկական վերաբերմունքի այլ ձեւերը, անպատժելիությունը եւ ամբողջ համակարգում կոռուպցիան իրավապահների աշխատանքի բաղկացուցիչն են եղել:

Այսպիսով, Ադրբեջանում օրենքը գոյություն ունի հանրության մեծ մասի համար եւ չի գործում իշխող խմբի համար:

Արդարացի տնտեսական եւ սոցիալական կարգին համապատասխան բոլորի՞ համար ապահովել կյանքի արժանի մակարդակ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Ադրբեջանում աղքատության սահմանից անդին ապրում է բնակչության ընդամենը 5,4 տոկոսը: Անկախ փորձագետների մեծամասնությունը, սակայն, ասում է, որ իրական թիվը կարող է լինել բնակչության 20 տոկոսի կարգի, քանի որ սպառողական զամբյուղը, որի հիման վրա հաշվարկում են կենսապահովման նվազագույն մակարդակը, արդեն 15 տարի չի փոփոխվել: Ակնհայտ է, որ կոռուպցիոն հիերարխիան, Ալիեւների ընտանիքի կառավարման տարիներին որպես երկրում հիմնարար կառուցված, իրողություններ է ստեղծել, որոնց դեպքում նավթային մեծ եկամուտները որակապես բարելավում են իշխող «ընտանիքի» եւ մերձավորների կյանքը, բայց ոչ մի կերպ չեն նպաստում բնակչության մեծամասնության իրական եկամուտների աճին: Ահա այսպիսի «արդար» տնտեսական եւ սոցիալական կարգ:

Համամարդկային արժեքներին հավատարմությունը պահպանելո՞վ՝ մյուս ժողովուրդների հետ ապրել բարեկամության, խաղաղության եւ անվտանգության պայմաններում եւ այդ նպատակով իրականացնել փոխադարձ համագործակցությո՞ւն: Այս դրույթն առավել քան ինձ ցնցեց: Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների թիվը այնքան դուրս է սանդղակից, որ ես անգամ չվճռեցի դրանք հաշվել: Այս բուն հայտարարությունը, որին որոշեցի արձագանքել, կառուցված է ազգամիջյան հակամարտության հրահրման, լիակատար հայատյացության, ինչպես նաեւ տարածաշրչջանում խաղաղության եւ անվտանգության գոնե ինչ-որ հույսի ոչնչացման փորձի վրա:

Այսպիսով, ակնհայտ է, որ Դուք՝ պարո՛ն Ալիեւ, ձեր բարձրագոչ հայտարարություններն անելիս մոռանում եք ձեր երկրի մասին, կտրված եք հասարակ ադրբեջանցու կյանքից եւ հաստատապես հաշվի չեք առնում ձեր պետության օրենքները:

Ակնհայտ է, որ Ձեր երկրում մեծ թվով խնդիրներ կան, որոնք անհետաձգելի լուծում են պահանջում: Արժե, որ Ձեր ուշադրությունը հենց դրանց դարձնեք՝ պոպուլիստական եւ ատելությամբ լեցուն ելույթի վրա ժամանակ ծախսելու փոխարեն: Քանի որ հայ ժողովուրդն ամուր կանգնած է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության, պատմական արդարության պաշտպանության համար եւ թույլ չի տա, որ Ձեր պոպուլիզմն իրականություն դառնա»,- նշված է Մարուքյանի հայտարարության մեջ: