Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպման կոնկրետ ժամկետն արդեն հայտնի է: Ինչպես այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, այն տեղի է ունենալու հոկտեմբերի 8-ին` Քիշնեւում:

«Երեւանից հետո, մենք այցելել ենք Բաքու՝ համաձայնեցված առաջարկությամբ: Ադրբեջանի նախագահը եւս տվել է իր համաձայնությունը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները Քիշնեւում հանդիպելու են ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում: Ռուս համանախագահը նաեւ հավելել է, որ Իլհամ Ալիեւը դրական է գնահատել նախագահների մոսկովյան հանդիպումը եւ հույս հայտնել, որ Քիշնեւում այդ դրական դինամիկան կշարունակվի: