Եթե խոսում ենք կոնկրետ մանրամասների, վիճակագրության եւ մարտադաշտերից նորությունների մասին, ապա, իհարկե, կարող ենք խոսել էսկալացիայի մասին: Բայց սա տեխնիկական դրվագներից մեկն է: Քանի որ էսկալացիայի մասին խոսելու համար, պետք է խոսել աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային էսկալացիայի մասին: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
Նա նշեց, որ եթե հետեւում ենք վերջին ամսվա կամ մի քանի շաբաթվա պաշտոնական Բաքվի հայտարարություններին կամ հռետորաբանությանը, ապա տեսնում ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը, պաշտպանության նախարարը բազմիցս, փաստորեն բանակցային գործընթացի վրա խաչ քաշելով, հայտարարել են, որ Ադրբեջանը այլեւս չի հավատում եւ չի կարող հանդուրժել խաղաղ բանակցային գործընթացը, որ չի կարող անվերջ սպասել, քանի դեռ քաղաքական գործընթացներ եւ բանակցություններ են ընթանում, եւ նա իրականում պետք է զենք վերցնի եւ պայքարի որոշ տարածքների համար: «Խնդիրն այն է, որ այս կերպ Ադրբեջանն, իրոք, պատրաստում էր հասարակական կարծիքը կամ միջազգային կարծիքը ագրեսիվ գործողությունների համար: Եւ այն գործընթացը՝ միակ միջազգային օրինական գործընթացը, որում մեր երկրները գտնվում են, Մինսկի խումբն է։ Այնտեղ բանակցություններ են վարում վերջին տարում, եւ խոսվել է նաեւ բնակչությանը խաղաղության, խաղաղության բանակցությունների, խաղաղության հաստատմանը նախապատրաստելու մասին: Իսկ Ադրբեջանը վերջին ամսվա ընթացքում փաստորեն իր բնակչությանը պատրաստում էր պատերազմի եւ ագրեսիայի՝ նրան, ինչ մենք տեսնում ենք, ինչին հետեւում ենք հուլիսի 20-ից: Դրանից առաջ, նորից եմ ասում, հասարակական կարծիքը նախապատրաստվում էր:
Եվ, խորին ափսոսանքով ասում եմ, որ մենք բազմիցս ասել ենք բոլոր այս տարիներին, որ տարածաշրջանային երկրներից մեկը՝ Թուրքիան, պաշտոնապես հանդես է եկել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության անվերապահ աջակցությամբ: Նախ՝ ԱԳՆ-ի հայտարարությունը, այսօր արդեն միացան Թուրքիայի պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը: Թուրքիան փաստորեն ցինիկաբար պաշտպանում է հարեւան տարածաշրջանում ագրեսիան, դրդում, փլուզում է իրականում փխրուն խաղաղությունն ու հակամարտություն հրահրում իր երկու հարեւանների միջեւ, եթե կարելի է այսպես արտահայտվել:
Այսինքն՝ Թուրքիան չի կարող մասնակից լինել Մինսկի խաղաղ գործընթացին, ինչպիսին այն կա: Հասկանալի է, որ Թուրքիան վարում է միակողմանի քաղաքականություն, աջակցելով կողմերից մեկին, միաժամանակ պաշտպանում է պաշտոնական ագրեսիան՝ այն, ինչի մասին արդեն պաշտոնապես հայտարարում են թուրք ղեկավարները»,- նշեց նա:


























