Այս պահին վիճակն Ամուլսարում  հանգիստ է, վերջին լարված իրավիճակից հետո ինչ-որ արտասովոր բան դեռ չի եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի պահապաններից Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

Նրա խոսքով՝ մարզային ոստիկանները գալիս են, երբ լարված վիճակ է լինում, իսկ այս պահին, քանի որ ոչինչ չկա, միայն տեղի ոստիկաններն են, որոնք հերթահապհություն են իրականացնում պահապանների   դիրքերին շատ մոտ:

«Չգիտեմ՝ զուգադիպել է թե ոչ, բայց այն մարդիկ, որոնք երկու տարուց ավել է պոստ են կանգնում, բոլորն էլ ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներ են եւ երբ  հայտարարել ենք՝ Տավուշում վիճակը մի քիչ էլ լարվի, բոլորս էլ պատրաստ ենք գնալու: Համընկավ այն, որ  «Լիդիանը» որոշեց, այդ ժամանակ այնտեղ կոյուղաջուր տեղափոխող մեքենա ուղարկի եւ ինչ որ գործողություններ իրականացնի, երեւի մտածում էին՝ մենք արդեն  այտեղ չենք, կամ քիչ մարդիկ կան, հավանական է նաեւ՝ ուղղակի համընկել է»,-ասաց Բունիաթյանը:

Նա նշում է, որ  խնդիրը դա չէր, այլ պահնորդական աշխատակիցների ակնհայտ սադրանքը. «30 հոգով սկսել էին քաշքշել համայնքի 5 բնակիչների, հիմնական շարժառիթը դա էր: Եթե հավատանք պահնորդական ծառայության տնօրենի խոսքերին, ով ասաց, որ նման բան էլ չի կրկնվի ու կփորձեն աշխատել այնպես, որ համայնքի բնակիչները առիթ չունենան այնտեղ հավաքվելու, ապա

կարող ենք ենթադրել, որ  իրենք հետեւություններ արել են»,- հավելեց Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանը: